Ի՞նչ է պետք ՀԿ գրանցելու համար


Ինչ է պետք ՀԿ գրանցելու համար

Հասարական կազմակերպությունը ստեղծվում է՝ միավորելու ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց՝ իրենց ոչ նյութական պահանջմունքները բավարարելու, հանրօգուտ գործունեություն իրականացնելու նպատակով:

Հասարակական կազմակերպությունը պետք է հիմնադրեն առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ և (կամ) իրավաբանական անձ:

Նախ և առաջ նրանք պետք է որոշեն ՀԿ-ի անվանումը, որը չպետք է նույնական լինի այլ հասարակական կազմակերպության անվանման հետ, ինչպես նաև այդ անվանումը պետք է հայերենով պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն, որը արտացոլելու է կազմակերպության գործունեության նպատակը։

Այնուհետև շատ կարևոր է , որպեսզի հիմնադիրները որոշեն ՀԿ-ի գործունեության առարկան և նպատակները, քանի որ հենց այդ նպատակների շրջանակներում ՀԿ-ն իրավունք ունի գործունեություն ծավալել։

Պատկերացում ձևավորելով այդ կարևոր հանգամանքների վերաբերյալ՝ հիմնադիրները կարող են գումարել կազմակերպության հիմնադիր ժողով, որտեղ պետք է որոշում կայացնեն կազմակերպության հիմնադրման մասին, հաստատեն կազմակերպության կանոնադրությունը և ընտրեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին։

ՀԿ փաստաթղթերի փաթեթը գրանցման ներկայացնելուց առաջ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել կազմակերպության կանոնադրությանը, որը պետք է տեղեկություններ պարունակի վերոնշյալ բոլոր դրույթների վերաբերյալ, ինչպես նաև անդրադառնա օրենքով սահմանված մի շարք այլ հարցերին։

Պետք է հաշվի առնել, որ հասարակական կազմակերպության գրանցումը կարող է դառնալ բարդ և երկարատև գործընթաց, եթե ուշադրություն չդարձվի մանրուքներին /փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի աշխատողների կողմից, և սխալ կամ թերի կազմված փաստաթղթեր ունենալու դեպքում ձեր դիմումը կարող է մերժվել/։

Այդ իսկ պատճառով, խորհուրդ ենք տալիս նախքան ՀԿ գրանցելը կապ հաստատել մեր փաստաբանների հետ, որոնք ոչ միայն կտան խորհրդատվություն, այլ նաև անհրաժեշտության դեպքում կկազմեն ձեզ համար բոլոր փաստաթղթերը և կգրանցեն ՀԿ-ն պետական ռեգիստրում։

Գնալ հետ