Ծնողական իրավունքներից զրկելու ընթացակարգը ՀՀ-ում


Ծնողական իրավունքներից զրկելը

Այս ամբողջ գործընթացը նկարագրված է ՀՀ ընտանեկան օրենսգրքում: Օրենսգրքում տրված են այն հիմքերը, որոնցով հնարավոր է անձին զրկել ծնողական իրավունքներից: Դրանք են՝

1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափելը ծնողական պարտականությունները կատարելուց /այդ թվում` ալիմենտ վճարելուց/

2) ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում վարքագիծը չփոխելը

3) առանց հարգելի պատճառի երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից վերցնել հրաժարվելը.

4) մեկ տարի առանց հարգելի պատճառի երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից վերցնել հրաժարվելը.

5) ծնողական իրավունքները չարաշահելը, այդ թվում` վարքագծով երեխայի վրա վնասակար ազդեցություն գործելը.

6) քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ տառապելը.

7) քրոնիկ հոգեկան հիվանդություններով տառապելը

8) երեխայի հետ դաժանաբար վարվելը, մասնավորապես`

ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն գործադրելը, որը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,

բ. պարբերաբար հոգեբանական բռնություն գործադրելը, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը:

Ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից նաև, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:

Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով:

Պետք է հստակ իմանալ նաև, որ

  • Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են (ընդ որում՝ նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքները)։
  • Ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից։

Ընտանեկան օրենսդրության հետ կապված ցանկացած հարց ունենալիս կարող եք դիմել Իրավաբան 24 գրասենյակ, և ընտանեկան գործերով փաստաբանը Ձեզ կտրամադրի ամբողջական իրավաբանական խորհրդատվություն:


012 24 24 24
+374 44 24 00 24

Իրավաբան 24

Գնալ հետ