Ո՞ր դեպքերում է հնարավոր զրկել ծնողական իրավունքներից


զրկել ծնողական իրավունքից

Ո՞ր դեպքերում է հնարավոր զրկել ծնողական իրավունքներից։

Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`

•մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.

•չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.

•առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.

•մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.

•չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.

•տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.

•տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

•դաժանաբար են վարվում երեխայի հետ, մասնավորապես`

ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,

բ. պարբերաբար հոգեբանական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը:

Բացի վերոնշյալ դեպքերից ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:

Գնալ հետ